Ես կախվել եմ ժամանակի թարթիչներից.
արտասուք եմ, կուտակվում եմ ու չեմ ընկնում,
մի ձայն հանկարծ մութ խորքերից շշնջաց ինձ.
-Ի՞նչ ես կախվել, թափվելու տեղ զո՛ւր ես փնտրում:
Ժամանակն է հանգիստ կախվել թարթիչներիս.
ո՛չ անցյալ է, ո՛չ ներկա է, ո՛չ՝ ապագա,
ես եմ նրան մութ խորքերից հարցեր տալիս,
բայց ի՞նչ ասի, երբ այլևս ինքը չկա:
Հողն է կախվել իմ ու նրա թարթիչներից,
կուտակվում է, թափվելու տեղ արդեն չունի,
մի ձայն հանկարծ մութ խորքերից շշնջաց ինձ.
-Մի՛ պապանձվիր, նորի՛ց երգիր քո «Անտունին»:
Նորայր Գրիգորյան